Մանկատան երեխաները ոչ միայն կարող են, այլև իրավունք ունեն

Իմ շաաաաաաաաատ սիրելի Mer Doon, Tigranoohi Karapetyan ջաներ, անչափ շնորհակալ եմ հաճելի երեկոյի, դրական լիցքերի, անմնացորդ նվիրման և անշահախնդիր ջերմության ու դրական լիցքերի համար:
Իմ կյանքում մի կարևոր դեր ունեք:
Ասեմ, որ այսօր այնքան էլ հաջող օր չէի ունեցել, բայց ամեն բան մոռացա ձեր` <Մեր տուն> կազմակերպության պատերից ներս: Շատ ապրեք դուք, որ կաք, Աստված բոլորիդ պահապան:
Չնայած որքան էլ սիրում եմ ձեզ, բայց կցանկանայի, որ մի օր Mer Doon փակվեր ու ոչ մի մանկատան երեխա չլիներ, որ ձեր տուն գար:
Բայց քանի դեռ այդ խնդիրը կա, Աստված առողջություն և համբերություն տա Տիգրանուհի Կարապետյանին իր գործը նույնքան սիրով ու ջերմությամբ շարունակելու: Գրկում եմ բոլորիդ:
 
 
Ահա այսպիսի գրառում էի երեկ արել ֆեյսբուքյան պատիս: Ինչպես արդեն գրածիցս հասկացաք, երեկ հերթական անգամ եղա <Մեր տուն> ՀԿ-ում, որտեղ ամեն անգամվա պես ջերմ, անմիջական և հուզառատ մթնոլորտ էր:
Այս կազմակերպությանը առիթներ ունեցել եմ անդրադառնալու, բայց ևս մեկ անգամ կհիշեցնեմ, որ այն մի վայր է` երկհարկանի տուն այն աղջիկների համար, ովքեր մանկատնից հետո իրենց ընտանեկան ջերմությունն այդտեղ են գտնում և վայելում: Այդտեղ և ապրում են, և սովորում և որպես ապագա տան տիկիններ դաստիարակվում:
 
 
Մեր հյուրընկալությունը համընկավ նրանց` պահածոներ և չրեղեն պատրաստելու ժամանակաշրջանին: Ամռանը, մինչ աշնան կեսերը, աղջիկները զբաղված են ձմռան պատրաստությամբ, ինչպես մեր մայրերն ու տատիկները, ինչու ոչ նաև մենք: Թեև անձամբ ես շատ հեռու եմ պահածո պատրաստելուց, երբևէ չեմ էլ փորձել, բայց աղջիկներին առաջարկեցի հաջորդ անգամ մեր այգու բարիքներից` իրենց պահածոների կամ չրերի համար: Աղջիկները, ինչպես ասում են, շատ համեղ ձեռք ունեն: Իմ պատվին այդ օրը հարիսա էին պատրաստել, նրանք գիտեն, թե որքան եմ սիրում: Հյուրասիրեցին, երգեցին, պարեցին, և ժպտացին: Չեք պատկերացնում, թե ինձ համար որքան կարևոր է այդ աղջիկներից յուրաքանչյուրի ժպիտը: Այնպես կուզեի նրանց կենսաբանական մայրերը տեսնեին նրանց ժպիտները, համտեսեին նրանց պատրաստածները, Ամանորի սեղանին նրանց չրերից դնեին….. ու հպարտանային, որ նման աղջիկ ունեն: Ավաղ այսօր այդ ամենով ուրախանում և հպարտանում են <Մեր տան> աշխատակիցները, հյուրերն ու լավագույն բարեկամները…. և:
Այդ և-ը շատ կարևոր է, և այն մարդիկ, ովքեր գալիս են խնամախոսության կամ հարս տանելու:
 
 
Մեր տան սաներից շատերն են արդեն ամուսնացել, բալիկներ ունեցել, հերթական սպասված թոռնիկը  կծնվի այս ամսին: Աստծով:
Այդ մանկիկը կծնվի ու կվայելի այն, ինչ գուցե իր մայրը իր կյանքի մի քանի տարում չի ունեցել բայց մեծ հավատ, և ամենակարևորը ցանկություն է ունեցել այդ ամենը տալու իր բալիկին: Եվ այլևս երջանիկ ապրելու: Ուժեղ է այն մարդը, ով անցյալի դառնությունը չի դարձնում կյանքի նպատակ ու չարանում մարդկանց ու ողջ աշխարհի դեմ:
Ներելը հատուկ է միայն ուժեղ մարդկանց: Իսկ ես հավատում եմ, որ այդ աղջիկները շաաատ ուժեղ են:
 
 
Հ.Գ.-ի փոխարեն
 Ոչ այս առիթով, բայց մեկ ուրիշ անգամ կխոսեմ մանկատնից դուրս եկած և փողոցում հայտնված երեխաների մասին: Մեր պետությունը շատ մեծ ոճիր է գործում, այո հենց ոճիր:
Մինչ չլուծվի այդ հիմնահարցը, պետական այրերը պետք է որ շատ մտահոգ լինեն այդ խնդրով և գիշերները հանգիստ չքնեն: 
Այդ երեխաները կարող են կրթություն ստանալ, արհեստ սովորել, աշխատել, պիտանի լինել իրենց երկրին, արժանապատիվ քաղաքացի լինել, վերջապես լավ ընտանիք կազմել: Ի վերջո, նրանք ոչ միայն կարող են, այլև իրավունք ունե, իսկ մեր պետությունը նրանց դեռևս չի տալիս լիարժեք հնարավորություն օգտվելու իրենց այդ իրավունքից և ուրեմն նպաստում, որ նրանք խոցելի խմբերում հայտնվեն, ինչի իրավունք չունեն: 
Ամեն մի իշխանաոր և, հատկապես օլիգարխ, եթե մի թանկարժեք ավտոմեքենա պակաս ունենա, մի անգամ պակաս զվարճանա թանկարժեք վայրերում,… մանկատան մի քանի տասնյակ երեխա ավելի ապահով պայմաններում կապրի մանկատնից հետո: 
Մենք անլիք շատ ունենք, մինչդեռ…